Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Խոսքի գինը կյանքի գին է

Խոսքի գինը կյանքի գին է
12.08.2023 | 15:25

Վարչապետն այսօր էվրիկայի ժանրից փաստ է արձանագրում, առ այն, որ Ադրբեջանի կողմից հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չկա որևէ այլ բացատրություն, քան այն, որ ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելն է:

Շատ ճշմարիտ եզրակացության է եկել վարչապետը:

Մնում է հասկանա, թե այդ ու՞մ խոսացածի, խոստացածի, ներքին պայմանավորվածությունների, արածի ու չարածի պատճառով է Արցախն ու արցախցին հայտնվել այդ սոսկալի վիճակում, որ նա էլ հասկացել է պահի լրջությունն ու ողբերգության աստիճանը, հիմա էլ բացահայտ արձանագրում է ցեղասպանության կախյալ վտանգը:

Իսկ ո՞վ է մեղավոր այս ամենի համար. իհա՛րկե՝ «նախկինները»:

Նրանք վաղուց են վաճառել Արցախը, պարզապես 2020 թվականին, գործող վարչապետը պետք է

հանձնում-ընդունումը կատարեր…

Դե առանց պատերազմ ուղղակի չէր լինի. պետք է մոտ 5 հազար հայորդի զոհվեր, 10 հազարը հաշմանդամ դառնար, որ հետո պարզվեր, որ վերը թվարկվածը կարող էր և չլինել, բայց այդուհանդերձ հողերը պետք է հանձնվեին:

Իսկ նա փրկիչ-հերոս է, ով նախկիններից «բեթար» «ոչմիթիզական» էր, իսկական գերագույն գլխավոր հրամանատար, ով պատերազմի մահվան ճիրաններից փրկեց շրջափակման մեջ ընկած 15, 20, 30 հազար մեր տղաներին:

Ինչևէ, ժամանակն է դատաստանի օրը սահմանելու ու իր պատիժը սահմանելու կոնկրետ պատերազմում յուրաքանչյուրի արած-չարածի համար՝ լինի նա նախկին, թե ներկա:

Իսկ թե Արցախն ու արցախցին ինչու՞ է հիմա այս օրը ընկել, ասեմ իմանաս՝ պարո՛ն վարչապետ. բուն պատճառը մեկն է` դու նախորդ տարվա հոկտեմբերին ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում:

Դրանից անմիջապես հետո, Ադրբեջանը գնացել է «ադեկվատ» ու ընձեռված իրավիճակին համապատասխան քայլի. հիմք է ընդունել քո ասածը, համաձայն որի՝ էլ ի՞նչ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ի՞նչ միջանցք, միջանցքում՝ խաղաղապահ…

Թքել է միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշումների, սրա-նրա հորդորների ու հայտարարությունների վրա ու իրեն վերապահել է կայացնել միանձնյա որոշում.

«տարածքն իմն է, կանեմ այն, ինչ կուզեմ ու նպատակահարմար կգտնեմ»:

Արդյունքում՝ Լաչինի միջանցքը փակվեց:

Պատճառահետևանքներն էլ՝ բոլորս գիտենք:

Նման բան խոսելուց ու խոստանալուց առաջ, չէի՞ր գիտակցում, որ դրանով փաստացի խաթարել ես այդ իսկ համաձայնագրի բովանդակությունը, ստեղծված ստատուս քվոն:

Էլ չեմ խոսում դրա մյուս կողմի՝ ՌԴ-ի, իր մասով գործողություններն ու անելիքները վերացնելու մասին:

ՈՒ այսքանից հետո, դեռ պետք է ասես, որ խաղաղապահներն իրենց ֆունկցիան լավ չե՞ն կատարում, թերանու՞մ են, որ միջանցքն իրենց պատասխանատվության գոտին է և որ նրանք են կրում իրավիճակի ողջ պատասխանատվությու՞նը:

Չի՛ անցնի:

Ասածներդ վաղուց դիտարկվում են որպես պոպուլիզմ ու մանիպուլյացիա:

Ռուս խաղաղապահներն իրենց գործառույթներում ինչքան էլ թերանան, ինչքան էլ ակնհայտ լինի

ռուս-ադրբեջանական սիրախաղն ու ներքին պայմանավորվածությունները, ինչքան էլ որ համընկնում են ռուս-ադրբեջանա-թուրքական շահերն ու նպատակները, միևնույն է. ստեղծված իրավիճակի պատասխանատուն դու ես ու մեղքը քո վզին է:

Դու քո այս հայտարարությունով ու վարքով ավելի ես նպաստում վերը նշված տանդեմի կայացմանն ու հզորացմանը, սինխրոն գործելուն:

Դու կատարյալ նվեր ես նրանց համար:

Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ ասածներդ չես ամրագրել ստորագրությամբդ, եթե անաստված չես, եթե «ֆայմ», խելք ու խիղճ ունես, հայտարարիր, որ ինչպես և այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Եթե մի գրամ սրտացավություն ունես (գոնե սեփական փիառիդ համար), ապա ցեղասպանության վտանգն արձանագրելու փոխարեն, ստեղծված իրավիճակի մասով օր առաջ պաշտոնապես դիմիր ՄԱԿ Անվտանգության խորհրդին, հրատապ նիստ պահանջիր, Ադրբեջանի դեմ բանաձևի ընդունում պահանջիր, միջազգային խաղաղապահ զորքեր տեղակայելու անհրաժեշտության մասին հայտարարիր, ՄԱԿ-ի Պարենի կոմիտե դիմիր, պահանջիր ապահովել օդային ճանապարհով պարենի մատակարարումն Արցախ:

Չէ՜, այս ամենի փոխարեն դու պետք է խոսես ամեն ինչից, բայց չպահանջես ոչինչ, դու պետք է անհնարին երկխոսության ու միֆային խաղաղության մասին խոսես, բայց գործնական ոչ մի քայլի չդիմես:

Ինչևէ, որևէ ակնկալիք քեզանից չկա:

Դու այս ամենը կազմակերպելու փոխարեն

բյուջեից հատկացնում ես վեց միլիոն դոլար՝ հայաստան ռեփեր հրավիրելու համար:

Ցեղասպանության ֆոնին խրախճանք կազմակերպելն է քո մոտ լավ ստացվում:

Դրա համար էլ աշխարհը զարմանում է «թքած ունենալու» քո տաղանդով ու մեր մազոխիզմով:

«Пир во время чумы»՝ սա է այսօրվա Հայաստանի իրականությունը:

Քանի դու որևէ գործնական քայլ չես ձեռնարկում Արցախի հարցում, քո փոխարեն այն անում են ուրիշները.

Հումանիտար ճգնաժամը լուծելու տարբերակ է այսօր առաջարկել ՌԴ արտգործնախարար Լավրովը:

Նախ բացել Աղդամի ճանապարհը և հետո նոր, երթևեկության մեկնարկից 24 ժամ անց վերականգնել Լաչինի երթևեկությունը։

Նախնական համաձայնություն եղել է, սակայն Ստեփանակերտը պայման է դրել, որ Լաչինը պետք է բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ միաժամանակ։

Արդյունքում՝ ռուսական առաջարկը ձախողվել է։

Արցախի ղեկավարությունը հրաժարվել է գործարքից՝ պատճառաբանելով, որ առաջարկելով այլընտրանքային երթուղիներ, ադրբեջանական կողմը հետևողականորեն փորձում է կտրել Հայաստանի և Արցախի ժողովրդի կապը, նրան զրկել ինքնությունից, ինքնաբավությունից ու զարգանալու հնարավորությունից:

Այո՛, նման սցենարից քողարկված վերաինտեգրացման «հոտը է փչում»:

Ավելին՝ մտորելու տեղիք է տալիս առաջարկված նախապայմանը, ըստ որի 24 ժամ հետո նոր բացվի Լաչինի միջանցքը:

24 ժամվա մեջ ինչեր ասես, որ կարող են տեղի ունենալ

(չթվարկեմ ռիսկերն ու հավանական սցենարները):

Էլ չեմ խոսում նման ջելթնմենական պայմանավորվածությունների կասկածելի լինելու մասին:

Խիստ ցանկալի կլիներ իմանայինք, թե հայկական կողմն արդյոք հարցրե՞լ է, թե ինչու պետք է առաջինը բացվի Աղդամի և հետո նոր Լաչինի ճանապարհները:

Ո՞րն է եղել կոնկրետ այդ հարցին նրանց պատասխանը:

Եվ հետո, արդյոք հայկական կողմն առաջարկե՞լ է նույն տրամաբանության շրջանակներում առաջինը բացել Լաչինի միջանցքը, որին 24 ժամ անց կհետևեր Աղդամի ճանապարհի բացումը:

Սրա պատասխանը տալիս է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ հայտարարելով, որ

«…եթե դուք քաղցած եք, չպետք է պայմաններ առաջադրեք։

Ինչ տարբերություն, թե ինչ ճանապարհով է ստացվում այդքան սպասված պարենը՝ Լաչինի՞, Աղդամի թե՞ Ֆիզուլիի»։

Համենայն դեպս, փաստը մնում է փաստ, որ ի սկզբանե առաջարկվել է այնպիսի նախապայման, որին չի համաձայնվել հայկակամ կողմը և ըստ էության ստացվում է այնպես, որ չհամաձայնվող կողմն էլ «պռավալ» է տվել լավրովյան առաջարկը:

Իրականում՝ Ստեփանակերտի պայման դնելը չէ առաջարկի «պռավալը», այլ նրանց առաջ քաշած նախապայմանին չհամաձայնվելն ու այլ տարբերակով հանդես գալը:

ՈՒղղակի պետք էր այնպես անել, որ իրավիճակի մեղավորը լիներ հայկական կողմը:

ՈՒ նրանց մոտ դա ստացվեց:

Ստացվեց, որ նրանք երկուսով «կառուցողական» են, Արցախն էլ՝ «չգնահատեց» ռուսական առաջարկն ու Ադրբեջանի պատրաստակամությունը:

Ինչևէ, այս «խաղերից» անդին կա դառը իրականություն և անթիվ անհամար ուլտիմատումներ:

Ալիևը հենց այնպես չի ասում, որ մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ, որպես էթնիկ փոքրամասնություն կամ հեռանան Ղարաբաղից:

Որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բաց է մի ուղղությամբ՝ ելք:

Որ հայկական բանակի մնացորդները զինաթափելու համար «հակաահաբեկչական գործողություն կիրականացվի Ղարաբաղի տնտեսական գոտում»:

Նրանք, ովքեր վայր չեն դնի զենքերը, կհամարվեն պատերազմական հանցագործ-դիվերսանտներ, հետևաբար՝ կձերբկալվեն, իսկ զինված դիմադրության դեպքում՝ կոչնչացվեն։

Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը հենց այնպես չէր ժամանել Բաքու:

Այսկերպ էլ Ալիևն է փակում Արցախի հարցը:

Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Ջավախքի հարցերը վաղուց փակված են:

Արցախի հարցը ևս փակվում է՝ կրկին ոչ մեր օգտին:

Շուտով կլինեն նոր՝ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի հարցեր:

ՈՒ այդժամ Երևանի սրճարաններում ու ռեստորաններում քեֆ ենք անելու, որովհետև Երևանը Հայաստան է, և վերջ:

Իսկ դրան զուգահեռ մեզ դեռ կհամոզեն, որ խաղաղությունն այլընտրանք չունի, որ

լարված իրավիճակը կավարտվի միայն «Խաղաղության պայմանագրի» կնքմամբ, որի արդյունքում մեր տարածաշրջանի ժողովուրդներն առանց թշնամանքի կրկին կապրեն խաղաղության, անվտանգության և վաղվա ապագայի հանդեպ լիահույս։

Ինչևէ, շարունակում ենք չզարմանալ և մեզ զերծ պահել ավելորդ զգացմունքայնությունից:

Աշխարհում չլսված ու չտեսնված բաների վրա արդեն իսկ չենք զարմանում, էմոցիաներ չեն դրսևորում:

Միայն հայը կարող է քոչվորի կողմից սեփական բնօրրանում ցեղասպանվել, հայրենազրկվել, ունեզրկվել, սփռվել աշխարհով մեկ, բայց իրեն հարենիքից զրկողին փող վճարել, որպեսզի գնա իր պապերի երկիրը տեսնի:

Միայն հայը կարող է Լենին-Քեմալ սիրավեպի արդյունքում կորցնել հայրենիքի զգալի հատված ու ըստ այդմ, նրանցից մեկին դաշնակից, եղբայր ու փրկիչ համարի, իրեն ցեղասպանողի հետ էլ նորից հույս կապի՝ սահման բացի, առևտուր անի:

Միայն հայը խրատ տալ գիտի, խրատվել չգիտի, դասեր տալ գիտի, դասեր քաղել չգիտի:

ՈՒ այսպես շարունակ, դարեր շարունակ…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3315

Մեկնաբանություններ